Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրինագծում որոշ ձևակերպումներ կփոփոխվեն մտահոգությունները փարատելու համար: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Հանրապետական խմբակցությունը հայտարարել էր, թե իրենք ավանդական ընտանիքի սկզբունքների կողմնակից են ու դեմ էին արտահայտվել օրինագծին։
«Հիմա որոշակի ձևակերպումներ փոխելով՝ փորձում ենք ցույց տալ, որ մտահոգություները տեղին չեն», – ասել է Հարությունյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում օրինագծի վրա, որպեսզի փարատվեն մտահոգությունները և «անողջամիտ չմեկնաբանվի»։
Անդրադառնալով Հանրապետական խմբակցության պատգամավորների մտահոգություններին՝ Հարությունյանն ասել է, որ հարգում է յուրաքանչյուրի սեփական կարծիքը, կատարված փոփոխությունները կներկայացնի գործընկերներին, որից հետո հայտնի կդառնա՝ փարատվե՞լ են նրանց մտահոգությունները, թե ոչ։
Նախարարը պնդել է, որ օրինագիծը շրջանառությունից դուրս չի հանվի։ Պաշտոնյան հստակեցրել է, որ այս օրենքի նպատակը ընտանեկան բռնության կանխումն է, իսկ քրեական օրենսգիրքը պատժելու նպատակ ունի։
«Զոհի պաշտպանությունը ոչ պակաս կարևոր խնդիր է, քան՝ մեղավորին պատժելը», – ասել է նա։
2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով քրգործ է հարուցվել: Գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու 1791 դեպք, անչափահասների նկատմամբ` բռնութան 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ հանցագործությունները 52-ն են:
Ընթերցեք նաև.Ընտանեկան բռնության օրինագիծը. Ինչ է պետք իմանալ աղմկահարույց նախագծի մասին





