AM
29 Դեկտեմբեր 2017 - 08:32 AMT

«Աջ ղեկի» համակարգող. Նախարարությունում ժամանակ են ձգում

Աջ ղեկով մեքենաների շահագործումն ու ներմուծումը սահմանափակող նախագծի դեմ բողոքող վարորդների մի շարք պահանջների հետ հաշվի նստելու՝ Տրանսպորտի նախարարության տարածած տեղեկությունը ժամանակ ձգելու միջոց է:

Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը:

Դեկտեմբերի 28-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդարգրության համաձայն՝ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը, հաշվի առնելով «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների որոշ գրավոր առաջարկներ, խմբագրել է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը սահմանփակող օրենսդրական նախագիծը։

Գևոր Աճեմյանն ասաց, որ նախաձեռնության անդամները նույնիսկ չգիտեն, թե որ առաջարկների մասին է խոսքը:

«Մենք չգիտենք, թե նախաձեռնության որ պահանջներն են հաշվի առել և օրենքի նախագծի որ դրույթն են խմբագրել», -ասաց Գևորգ Աճեմյանը՝ հավելելով, որ հունվարի 7-ից նախաձեռնությունը վերսկսելու է բողոքի ակցիաները:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ են անցկացվել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման և ներմուծման արգելքի դեմ բողոքող վարորդների հետ։ Դեկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպելդեպի նախարարության շենք: