Ամանորի տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն ունեցել են մոտ 350 այցելու: «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հունվարի 2-7-ը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանների և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դռները:
Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է «Լինում է, չի լինում երեք տոնածառ» թեմատիկ ամանորյա ցուցադրությունը, որին այցելել են նաև բազմաթիվ դպրոցականներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ նշված օրերին համայնքային թանգարանների այցելուների գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից, արաբական մի շարք երկրներից, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:





