ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել հունվարի 22-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում: Ելույթին հաջորդել է Սարգսյանի հետ ԵԽԽՎ պատգամավորների հարցուպատասխանը:
Սերժ Սարգսյանը՝ ՀՀ-ԵՄ կապերի մասին
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին, նախագահն արձանագրել է, որ վերջին տասը տարում մեծ առջընթաց և արդյուքներ են գրանցվել:
«2008 թվականին, երբ ես ընտրվեցի Հայաստանի նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք և շատ լարված հարաբերություններ կոնկրետ Եվրոպայի Խորհրդի հետ, և մեզ նույնիսկ սպառնում էին պատժամիջոցներ, իսկ դրանից տասը տարի անց մենք արդեն խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին: Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից եվրոպացիները մեզ այդպիսին համրում են, թե՝ ոչ: Մեր գործակցությունը եվրոպական երկրների հետ բխում է մեր համոզմունքից, և որևէ մեկը մեզ գործակցություն չի պարտադրում», -ասել է Սարգսյանը:
«Ադրբեջանին պետք է ազատել պատրանքներից, և հակամարտությունը կլուծվի»
«Բանակցությունների խոչընդոտը հիմնականում Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքներն են բանակցությունների ելքից: Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվելու պատրանքներից և գալ իրատեսական դաշտ, ապա մենք կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների:շ»,-ասել է նախագահը:
«Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուզում ցեղասպանված ազգ լինել»
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության զայրացած ներկայացուցչի՝ Խոջալուի «ցեղասպանության» և «գրավյալ տարածքների» մասին հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը հակադարձել է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հստակ ցույց է տվել, թե ովքեր են եղել այդ ջարդերի իրական կազմակերպիչները:
«Թե ինչո՞ւ չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից հետո Այազ Մութալիբովը հանգամանորեն շարադրել է փաստեր, ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ: Գիտե՞ք, մի միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը»,- նշել է Սարգսյանը:
Սարգսյանն ասել է, որ բանակցային գործընթացքում Ադրբեջանն առավելագույնն ու անհնարինն է ուզում՝ Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը:
«Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու»,- ասել է նախագահը:
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Պատասխանելով Հայաստանում կոռուպցիայի հիմնախնդրի մասին հարցին, Սերժ Սարգսայնը նշել է, որ բարելավվել է համապատասխան օրենսդրական դաշտը, քրեականացվել է ապօրինի հարստացումը և ազդարարման ինստիտուտն է ներդրվել:
«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում մոտ 500 հայաստանցի պաշտոնյա պետք է հայտարարագրի իր ունեցվածքը, գույքը, ինչը փոքր թիվ չէ փոքրիկ Հայաստանի համար»,- ասել է նախագահը:
Մենք որևէ նախապայման չենք կարող ընդունել Թուրքիայից
Խոսելով ՀՀ-Թուրքիա հարաբերությունների և հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ դրանք տապալվել են թուրքական կողմի նախապայմանների պատճառով:
«Արձանագրություններում հստակ ամրագրված է, որ երկկողմ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայամնների, սակայն թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջադրել: Բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթղթի ստորագրումը, իսկ դրանից հետո էլեմենտար բարոյակնություն է պահանջվում այդ պայմանավորվածությունները կատարելու համար: Այո Թուրքիան ուժեղ երկիր է: Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց սա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի մեզ հետ»,-ասել է նախագահը:





