AM
25 Հունվար 2018 - 08:22 AMT

Հարությունյան. Պաշտպանության ոլորտում որոշումները վարչապետից բացի պետք է ստորագրի նաև նախարարը

Անվտանգության խորհուրդը նախկինում խորհրդատվական մարմին էր նախագահի համար, նոր սահմանադրական հայեցակարգով այն պետական մարմին է, որը ղեկավարում է վարչապետը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը։

«Սահմանադրությամբ ամրագրված է նաև այդ մարմնի հիմնական առաքելությունը, այն սահմանում է պաշտպանության ոլորտի հիմնական քաղաքականության հիմնական ուղղությունները», – ասել է Դավիթ Հարությունյանը, հայտնում է Aysor.am-ը։

Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում են փոփոխություններ նաև անվտանգության խորհրդի կազմում։

«Այն բաղկացած է լինելու վարչապետից, որը ղեկավարելու է այն, փոխվարչապետներից, պաշտպանության նախարարից, Գլխավոր շտաբի պետից, արտաքին գործերի նախարարից, ԱԽ քարտուղարից, ԱԱԾ տնօրենից, ոստիկանության պետից», – ներկայացրել է նախարարը։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ օրինակ, պաշտպանության ոլորտում քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող որոշումները պետք է ստորագրի ոչ միայն վարչապետը, այլև պաշտպանության նախարարը։

Նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։

Ավելի վաղ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է Ազգային անվտանգության խորհրդի լուրջ տրանսֆորմացիայի առջև: «Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանըխորհրդարանական կառավարմանն անցման փուլում լրջորեն կկերպարանափոխի Ազգային անվտանգության խորհուրդը», – ասել էր նա: Նրա խոսքով` նորմալ պետություններում ԱԱԽ-ն ունի քարտուղարություն, որտեղ մասնագետներ են, փակ է գործունեությունը, կա տեղակալների կոմիտե, որոնք «ընդհանուր ռազմավարական քննարկումներն իջեցնում են ավելի գործնական մակարդակի» և բացի այդ, գործում են միջգերատեսչական մասնագիտական խմբեր՝ մշտական և ժամանակավոր։