Ադրբեջանը ցանկացած միջազգային լուրջ իրադարձության պատասխանում է սադրանքով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով հունվարի լույս 25-ի գիշերը ադրբեջանական զինուժի՝ դիվերսիոն ներթափանցման հերթական փորձին:
Բանախոսը հիշեցրել է, որ սահմանային միջադեպեր տեղի են ունեցել նաև Ժնևյան հանդիպումից հետո, հայտնում է Panorama.am-ը:
«Դիվերսիոն ներթափանցման փորձ եղավ նաև այսօր, ինչով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ կառուցողական քաղաքականության: Բայց նմանատիպ սադրանքները չեն կարող ազդել հայ ժողվրդի կամքի վրա, ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել: Սադրանքները չեն կարող որևէ խնդիր լուծել»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը շեշտել է՝ Ադրբեջանը դարձել է իր իսկ առավելապաշտության զոհը, ինչի մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀՀ նախագահը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է օգնի Ադրբեջանին դուրս գալ մաքսիմալիստական վիճակից: Ադրբեջանը դարձել է իր հայատյացության զոհը: Գեբելսն ու Հիտլերը կոչեր անում էին հրեաների, Ադրբեջանը՝ հայերի և ամեն հայկականի դեմ: Օրինակը Ջուղայի հայկական գերազմանատունն է: Անգամ անշունչ քարերին հանգիստ չեն տալիս»,- ամփոփել է ՀՀԿ գործիչը:
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:





