AM
25 Հունվար 2018 - 09:07 AMT

Տարկետում կստանան արտերկրում սովորող մինչև 19 տարեկան ՀՀ քաղաքացիները

Տարկետման իրավունքը կտարածվի արտերկրում սովորող մինչև 19 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների վրա: Այդ մասին կառավարության հունվարի 25-ի նիստում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը:

Մկրտչյանը հայտնել է, որ օրենքի նախագծի փոփոխությունն առաջարկել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, գրում է Araratnews.am-ը:

«Մինչև 19 տարին չլրացած երիտասարդներն ունեն տարկետման իրավունք, և հաճախ ՀՀ ապագա քաղաքացիները բացակայում են երկրից ու ուսանում են արտերկրի ուսումնական հաստատություններում»,- նշել է Լևոն Մկրտչյանը, հավելելով, որ այս իրավունքը առաջարկվում է տարածել նաև նրանց վրա, որոնք Հայաստանի սահմաններից դուրս են:

«Առաջարկն ընդունելի է»,- ասել է ԿԳ նախարարը: «Համարենք ընդունված»,- հավելել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Ավելի վաղ Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ տարկետման իրավունք կստանան առանձնակի տաղանդ ունեցող այն ուսանողները, որոնց առաջադիմության ցուցանիշը կկազմի 100 բալ: Կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվելու է հանձնաժողով, որը տարկետում տրամադրելու համար պետք է դրական եզրակացություն տա, իսկ տարկետում տրամադրվելու է կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերում ուսանող երիտասարդներին։

2017-ին ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով վերացվում է տարկետման իրավունքը:Օրենքով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: