2017 թվականին անչափահասների նկատմամբ սեռական, ընտանեկան բռնության ենթարկվելու դեպքերի և անչափահասների կողմից ծանր հանցագործությունների թիվը նվազել է: Այս մասին Panoram.am-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«2017-ին անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության 190 դեպք է գրանցվել, որից 13-ն ընտանեկան բռնության դեպք են եղել: Նվազել են նաև սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ հանցագործությունները, որտեղ տուժող են հանդիսացել երեխաները. 2017թ. սեռական բռնության է ենթարկվել 71 անչափահաս, ու այստեղ ևս նվազում է նկատվում՝ 2016-ին եղել է սեռական բռնության 80 դեպք»,- ասել է Նելլի Դուրյանը:
2017-ին հանցագործություն է կատարել 341 անչափահաս՝ 2016-ի 351-ի դիմաց: 2017թ. նվազել է հանցագործություն կատարած անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների թիվը՝ 28 դեպք՝ 2016-ի 34-ի փոխարեն:
Դուրյանը նշել է նաև, որ հանցագործությունների թվով առաջատարը Երևանն է, ապա՝ Լոռին:





