Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով դիտարկվում է միասնական տոմսային համակարգ ձևավորելու հնարավորությունը: Այս մասին, PanARMENIAN.Net ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: Բարեփոխումների հաջորդ փուլերի համար այժմ քննարկվում է մի շարք միջազգային չափորոշիչների և մեխանիզմների ներդրումը մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ցանց:
Տարբերակված սակագներ և էլեկտրոնային տոմսեր
Հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև տարբերակված սակագներ սահմանելու հարցը: Այժմ դիտարկվում են տրանսպորտից անկանխիկ վճարումների միջոցով օգտվելու, էլեկտրոնային տոմսերի վաճառքի անցման հնարավորությունները:
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ հնարավոր է՝ ներդրվեն տոմսերի առք ու վաճառքի՝ անհատականացված կամ ոչ անհատականացված հպումային, անհպումային կամ չիպային սմարթ քարտեր, և ուղեվարձի ավտոմատ գանձման համակարգ (AFC): Նոր սակագներ սահմանելու որոշում դեռևս չկա:
Էլեկտրոնային կառավարման մեխանիզմի մշակում
Նախատեսվում է մշակել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային համակարգի արդյունավետ էլեկտրոնային կառավարման ու վերահսկման մեխանիզմ։
Վարորդների աշխատավարձի վերանայում
Հանրային տրանսպորտի բարեփոխումների հաջորդ փուլերը վերաբերվելու են ծախսերի հաշվարկմանը՝ այդ թվում և վարորդների աշխատավարձի ձևավորմանը:
Տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը կդրվի հանրային քննարկման
Բարեփոխումների գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից: Ներկա պահին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբին է ներկայացվել խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը համարվում է գործընթացի առաջին և կարևորագույն փուլը։
Այն աշխատանքային խմբի անդամների կողմից ենթարկվելու է մասնագիտական ուսումնասիրության և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնական տեսքի է բերվելու։
Այնուհետև, հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը կդրվի հանրային քննարկման, հանրային լսումներ են կկազմակերպվեն:





