Հայաստանի նոր նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47: Այդ հասցեում գրանցված է Կառավարության ընդունելությունների տունը: Համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծով, նախագահին տրամադրվելու է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք), ինչպես նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք):
Նախագահին կտրամադրվի նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, իսկ նրա առողջական վիճակին հետևելու նպատակով կառանձնացվի անձնական բժիշկ:
Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է նախագահի աշխատակազմը, որը չի կարող գերազանցել 180-ը:
Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 մլն դրամի չափով:





