2017 թվականին Հայաստանում հասարակական՝ օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 11 անձ: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Հաշվետու ժամանակահատվածում ծխելն արգելող կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը 107 է:
Գործող օրենսդրությամբ կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:
Ավելի վաղ, ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը: Այն բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում: Մասնավորապես, Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ, հատիկով ծխախոտ վաճառելու համար՝ 300 հազար դրամ, և այլն։





