Իտալիայի ոստիկանությունը ներխուժել է Հռոմի հյուրանոցում ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սենյակ՝ նրան ձերբկալելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ինքը՝ պատգամավորը:
Պարզվում է, որ 2008 թվականի ՀՀ իշխանությունների դիմումով պատգամավորը Ինտերպոլով գտնվում էր հետախուզման մեջ, իսկ իտալական ոստիկանությունը գնացել է 10 տարվա վաղեմություն ունեցող հետախուզման հետքերով:
«Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում», – գրել է Փաշինյանը:
Փաշինյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի նախագահական ընտրություններից ու մարտիմեկյան իրադարձություններից հետո։ 16 ամիս ընդհատակում անցկացնելուց հետո, 2009-ի հուլիսին նա ինքնակամ հանձնվել էր իրավապահներին։ 2010 թվականին Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, 2011-ի մայիսին, սակայն, ազատ է արձակվել ի թիվս մարտիմեկյան իրադարձությունների գործով ձերբակալված ու բազմաթիվ տասնյակ այլ քաղաքացիների։





