AM
30 Հունվար 2018 - 11:22 AMT

ՀՀ ոստիկանություն. Փաշինյանի հետախուզումը դադարեցնելու մասին Ինտերպոլը տեղեկացվել է 2009-ին

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետախուզումը դադարեցնելու մասին Ինտերպոլը տեղեկացվել է 2009-ին: Այդ մասին պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունն՝ արձագանքելով Իտալիայում Փաշինյանի դեմ ոստիկանության գործողությունների վերաբերյալ տեղեկությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:

Ոստիկանությունը հայտնում է, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները:

Փաշինյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի նախագահական ընտրություններից ու մարտիմեկյան իրադարձություններից հետո։ 16 ամիս ընդհատակում անցկացնելուց հետո, 2009-ի հուլիսին նա ինքնակամ հանձնվել էր իրավապահներին։ 2010 թվականին Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, 2011-ի մայիսին, սակայն, ազատ է արձակվել ի թիվս մարտիմեկյան իրադարձությունների գործով ձերբակալված ու բազմաթիվ տասնյակ այլ քաղաքացիների։