Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքները 4000-ական դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան ռուսաստաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից: Արդեն 2-րդ տարին է, որ բարերարը միացել է նաև Արցախում ծնելիության խթանման ծրագրին։
Փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա համերգ-միջոցառում՝ նվիրված այդ իրադարձությանը:
Միջոցառմանը ներկա են լինելու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, «Տաշիր» խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ինչպես նաև շահառու բոլոր ընտանիքների ներկայացուցիչները:
Բարերարն այսուհետ Արցախում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
2011-ին Սամվել Կարապետյանի մոտ 2 մլն դոլար նվիրատվությամբ Արցախի Մարտունի քաղաքում լուծվել է խմելու ջրի հարցը: Կառուցվել է 325 մմ տրամագծով 11,2 կիլոմետր երկարությամբ խողովակաշար:Մարտունի քաղաքը չուներ ոռոգման ջուր:Խողովակաշարի կառուցմամբ, խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծվել է. ոռոգման ջրով ապահովվել է Մարտունի քաղաքի բնակչության 70%-ը:





