Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղևորները Ա կետից Բ կետ կկարողանան հասնել ավելի արագ, քանի որ գործելու է տրանսպորտային միջոցի ժամանման հստակ չվացուցակ և մարդիկ կարողանալու են պլանավորել իրենց երթևեկությունը: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը՝ ներկայացնելով հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները և այն սկզբունքները, որոնք դրված են աշխատանքների հիմքում։
Նա հայտարարել է նաև, որ մեկ ուղևորության համար մարդիկ վճարելու են ընդամենը մեկ անգամ, ինչը նշանակում է, որ երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա։
Նա հավելել է, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է:
«Մարդիկ կարծում են, որ եթե շարժակազմը կրճատվում է, ուրեմն վարորդների թիվը ևս կրճատվելու է, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Նոր պայմաններում վարորդներն աշխատելու են հերթափոխով, ուստի՝ հնարավոր է նույնիսկ, որ լրացուցիչ վարորդների անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Վահե Նիկոյանը։
Անդրադառնալով տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսված շարժակազմի կրճատմանը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ դա օպտիմալ լուծումների և խելացի նախագծման արդյունք է։ Հաշվարկված 939 ավտոբուսը և 111 տրոլեյբուսը բավարար են մայրաքաղաքի ուղևորների լիարժեք սպասարկումն ապահովելու համար։ Միաժամանակ, նոր ցանցով նախատեսված 42 երթուղին ընդգրկելու է Երևանի ողջ տարածքը։
Վերջնականացման փուլում է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Դեռևս շարունակվելու են աշխատանքները բարեփոխման գործընթացի մյուս փուլերի շուրջ, որոնք վերաբերում են տոմսային համակարգին, կառավարման մոդելներին և այլ բաղադրիչներին։ Հանրությանը հուզող սակագնի հաշվարկներն էլ կատարվելու են բոլոր փուլերի ամփոփումից հետո` որպես առաջնահերթություն ունենալով սակագնի մատչելիությունը։





