AM
7 Փետրվար 2018 - 14:38 AMT

Նախարար. Թթվասերի հարցով ՍԱՊԾ-ն օրերս հայտարարություն կտարածի

Հայկական որոշ ընկերությունների արտադրած թթվասերի մեջ առողջության համար վտանգավոր տարրերի առկայության վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացնում և մինչև փետրվարի երկրորդ կես համապատասխան հայտարարություն կտարածի: Այս մասին ԱԺ լսումների ընթացքում հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի այն դիտարկմանը, թե սննդամթերքի վերահսկողությամբ պետական լիազոր մարմնի փոխարեն ԶԼՄ-ներն են զբաղվում, նախարարը պատասխանել է, որ ֆիզիկապես անհնար է ամբողջ շուկայում ամենօրյա վերահսկողության իրականացնել:

Ավելի վաղ, «Հետք» պարբերականը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել հայկական շուկայում լայն պահանջարկ ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։