Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով: «Արցախպրեսի» փոխանցմամբ, այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է նաև, որ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Անդրադառնալով արցախյան այցին՝ Սարգսյանը նշել է, որ այն շատ կարևոր էր:
«Բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու, և որպես ազատ քաղաքացի շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է: Եվ ՀՀ Նախագահի պաշտոնի հնարավոր ստանձման դեպքում՝ նա հիմնական առաջնահերթություններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը:
Փետրվարի 9-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





