AM
26 Փետրվար 2018 - 09:52 AMT

Նպաստ ստանալու համար կաշառքի դեպք է բացահայտվել

Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ աշխատանքի և սոցիալական աջակցության Աբովյանի տարածքային գործակալության աշխատակից Մ. Սարգսյանը մի քանի բնակիչներից որպես կաշառք պահանջել է և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը: Այս մասին հայտնում է ոստիկանության պոշտանական կայքը:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կոռուպցիայի ու տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձանց շրջանակը, որոնցից Սարգսյանը կաշառք է պահանջել ու ստացել:

«Մի կնոջից Սարգսյանը 2013-ից մինչև 2018 թվականը պարբերաբար փող է վերցրել, ընդհանուր առմամբ 108 հազար դրամ, որպեսզի նա մնա սոցիալական օգնության ծրագրում և շարունակի ստանալ գումարը: Մեկ ուրիշի դեպքում ստացած գումարը կես մլն-ից ավելի է եղել»,-մանրամասնում են ոստիկանությունից:

Քաղաքացիները նշել են, որ Մ. Սարգսյանի առաջարկից հրաժարվելու դեպքում կտրվել են նպաստից:

«Երկու տարվա մեկ տարին տվել եմ իրան»,-պատմել է քաղաքացիներից մեկը:

Մ. Սարգսյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Հանգամանքները պարզում են, փաստի առթիվ Քրեական օրենսգրքի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննությունը շարունակվում է: