Գործադիրը մտադիր է հստակեցնել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության սկզբունքը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման մեջ ասվում է, որ նախագիծը միտված է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությամբ պայմանավորված՝ վերջինիս կամ նրա մերձավորի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի դեմ առավել արդյունավետ և համարժեք միջոցներով պայքարելուն:
ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի գործունեությանը խոչընդոտելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում՝ նույն արարքները պաշտոնատար անձի կողմից կատարելու համար:
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ առկա են հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված պայմանները միաժամանակ: Մինչդեռ հոդվածի դիսպոզիցիայում առկա ոչ հստակ ձևակերպման պայմաններում արարքը որակելը դառնում է խնդրահարույց այն դեպքերում, երբ հանցագործության սուբյեկտը պաշտոնատար անձ չէ»,- նշվում է հիմնավորման մեջ:





