Արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ բնակչության պատսպարման համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները պետական գրանցում կստանան: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ տարեցտարի ապաստարանների վիճակը վատթարանում է և հնարավոր չէ որևէ ներդրում անել՝ չունենալով շենք-շինության վերաբերյալ կոնկրետ կարգավիճակ: Նշվում է, որ հակաճառագայթային թաքստոցները մասնավորեցվում են որպես նկուղներ, կամ բազմաբնակարան շենքերում մասնատվում և օգտագործվում են տնտեսական նպատակներով:
«Պետական գրանցում ստանալուց հետո ՀՀ-ում առկա բոլոր ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցներն ավելի արդյունավետ կծառայեն բնակչության պատսպարմանը արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ, իսկ խաղաղ ժամանակ հնարավոր կլինի օգտագործել տնտեսական և այլ նպատակներով», – նշվում է նախագծի մեջ:





