Փետրվարի 27-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին թեստային չվերթն է կատարել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը:
Էլեկտրագնացքը գնվել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:
Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 17:00-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 58 րոպե:
Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:
Մարտի 2-4-ը և 8-11-ը գնացքն աշխատելու է անվճար:
Էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:
Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելում է:





