2018 թվականի մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված ապահովագրական գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված Liberty բանկի գրասենյակներում։
Նշվում է, որ հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև ապահովագրական ընկերությունների այլ մասնաճյուղերում, ինչպես նաև www.tpl.ge կայքի միջոցով:
Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:
Ապահովագրական փաթեթի արժեքներն են՝
մինչև 3500 կգ քաշ և ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ – 15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի
9 նստատեղ (վարորդի հետ) և ավելին ունեցող ավտոբուսներ – 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի
3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ – 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի
բեռնատարների կցորդիչներ – 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի





