AM
5 Մարտ 2018 - 12:57 AMT

Ապրիլի 2-ը՝ ոչ աշխատանքային օր

Կառավարությունը մտադիր է 2018 թվականի ապրիլի 2-ը ոչ աշխատանքային օր հայտարարել: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 6-ի նիստի օրակարգում:

Դրա փոխարեն աշխատանքային օր կլինի 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը:

««Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց հանգուցյալ մտերիմների գերեզմանները», – նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության հունվարի 25-ի նիստում որոշվել է 2018-ի մարտի 9-ը համարել ոչ աշխատանքային օր: Դրա փոխարեն աշխատանքային օր կլինի 2018 թվականի մարտի 17-ը՝ շաբաթ օրը։

Այսպիսով, մարտի սկզբին քաղաքացիները կունենան 4 հանգստան օր իրար հետևից՝ մարտի 8-ը (հինգշաբթի), մարտի 9-ը և դրան հաջորդող շաբաթ-կիրակի օրերը։