Գործադիրի մարտի 6-ի նիստում հաստատվել է ՀՀ-ում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագիծը կստեղծի իրավական հիմք` մարզերի զարգացման, ինչպես նաև մասնավոր ներդրումային, դրամաշնորհային կամ այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար:
Նախատեսվում է կարգավորել հանրապետությունում 1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքները սկսվել և դադարեցվել են 1988-1993-ին:
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 205 կիսակառույց, որից 147-ը համարվել է վերակառուցման ենթակա, իսկ 58-ը՝ քանդման:





