AM
23 Մարտ 2018 - 06:46 AMT

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը` Ծաղկաձորում. Անվանի գործարարներ կմասնակցեն

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոտկեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն անցկացվելու է Ծաղկաձորում: ֆորումին հրավիրվելու են միջազգային և տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ամբողջ ֆրանկոֆոն աշխարհից։ Այդ մասին հայտարրաել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 22-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստաման բարձր մակարդակի հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։

Ներկայացնելով տնտեսական ֆորումի անցկացման Հայաստանի նախաձեռնությունը՝ էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հիմնական նպատակն է ֆրանկոֆոն գործարարների մշտական գործող ցանցի ստեղծումը։ Ստեղծվելիք այդ ցանցի առաքելությունն է դառնալու ֆրանկոֆոն տարածքի ձեռնարկատերերի, գործարարների և նրանց միավորող կազմակերպությունների միջև ինստիտուտուցիոնալ, մասնագիտական կապերի հաստատումը և զարգացումը, ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների խթանումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը՝ միտված Ֆրանկոֆոնիայի երկրների տնտեսական զարգացմանը։

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ ծրագրվում է ցանցի թվային հարթակի ձևավորումը՝ որպես շահավետ փոխանակումների և դրական փորձառության ընդօրինակման շրջանակ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը որպես ֆորումի քննարկման թեմաներ առանձնացրել է կայուն զարգացման ապահովմանը միտված ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, էներգետիկայի՝ ներառյալ վերականգնվող էներգիայի, հաղորդակցության և տրանսպորտային ուղիների, ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, գյուղատնտեստության և սննդի արտադրության արդյունավետության բարձրացումը, թվային ու բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանումը, կանանց և երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության առաջմղումը և մասնագիտական կրթության խրախուսումը։

Ֆորումի մասնակից գործարարները հրավիրվելու են հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը։

Հանդիպման մասնակիցները հավանության են արժանացրել ֆրակոֆոն տնտեսական ֆորում կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը և դրա հետ կապված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել ինչպես ֆորումի անցկացման, այնպես էլ ֆրանկոֆոն գործարարների ցանց ստեղծելու աշխատանքներում։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գագաթնաժողովը խոշորագույն միջազգային միջոցառումը կլինի Հայաստանի անկախացումից ի վեր: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցություն: