AM
31 Մարտ 2018 - 08:07 AMT

ԱԻՆ-ը շարժական բուժկետ մեքենա է ստացել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է շարժական բուժկետ մեքենայով: Նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվել է ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով:

Շարժական կառավարման կետ հանդիսացող մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ:

Ներդրված թթվածնային համակարգը (միաժամանակ կարող է սպասարկել 4 տուժածի), դեֆիբրիլիատորը, էլեկտրակարդիոգրաֆիայի համակարգը և մոնիտորը, պուլսոքսիմետրը, արյան ճնշում չափող սարքավորումը հնարավորություն են տալիս արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին ռեանիմացիոն միջոցառումների դեպքում առանց ընդհատումների տեղափոխել մոտակա բժշկական կենտրոններ: Շարժական կառավարման կետը նախատեսված է ինչպես տուժածներին, այնպես էլ փրկարարական անձնակազմին առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Մեքենան շատ արդյունավետ կարող է ծառայել տարբեր հրդեհների արձագանքման ժամանակ: Այն կահավորվել է եզակի հովացման համակարգով, որը թույլ է տալիս այրվածքներ ստացած տուժածներին մինչև հիվանդանոց հասցնելը ցույց տալ առաջին բուժօգնություն: Սա Հայաստանում առաջին անգամ է ներդրվում: Մեքենայում կլինեն նաև տարբեր տեսակի բեկակալներ (шина)՝ կոտրվածքների դեպքում օգնություն ցուցաբերելու համար:

Նախատեսվում է նաև մեքենան համալրել անզգայնացման համակարգով՝ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն կատարելու նպատակով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Նոր կահավորանքի շնորհիվ այս մեքենայով հնարավոր կլինի տեղափոխել 6 պառկած մարդ, կամ՝ 4 պառկած և 4 նստած՝ ելնելով անհրաժեշտությունից: Տեղադրված ճկուն և թեթև պատգարակները, որոնք հեշտությամբ դուրս են բերվում մեքենայի խցիկից, հնարավորություն են տալիս դրանցով ծանր վիրավորներին տեղափոխել ուղղաթիռով՝ նրանց ավելի շտապ հիվանդանոց հասցնելու համար:

Իր զանգվածի և չափերի շնորհիվ այս մեքենան կարող է տեղափոխվել նաև ինքնաթիռի միջոցով՝ այլ երկրներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

2016 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն էր տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 ավտոմեքենա, որոնք հագեցվել են աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում հանդիսանում են որպես շարժական կառավարման կետեր: