AM
10 Ապրիլ 2018 - 06:51 AMT

Նալբանդյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել ԼՂ խաղաղ կարգավորումը

Հայաստանը և Մինսկի խմբի համանախագահ երկրները համատեղ ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Երևան ժամանած Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՄԹ պետնախարարին Հայաստանի նոր նախագահի երդմանակալությանը ներկա գտնվելու համար և նշել, որ այս հանդիպումը լավ առիթ է քննարկելու հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային հարցերը, անդրադառնալու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պետնախարար Դանքնը նշել է, որ ուրախ է անցյալ սեպտեմբերին Երևան կատարած պաշտոնական այցից հետո կրկին Հայաստանում գտնվելու համար՝ հույս հայտնելով, որ այս այցը ևս կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բրիտանական հարաբերությունների մի շարք ուղղություններին, մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը և Ալեն Դանքնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հրատապ խնդիրներ:

Արմեն Սարգսյանը ստանձնել է նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին 7 տարի ժամկետով։ Սարգսյանը 2 անգամ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը։

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: