Հայաստանը հուսով է, որ Հունգարիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու արգելք չի լինի: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի այն հարցադրմանը, թե Հունգարիայի հետ դիվանագիտական հարբերությունների բացակայությունը չի խոչընդոտի արդյոք վավերացման գործընթացին:
«Հայաստանը չի տեղեկացվել Եվրամիության անդամ որևէ երկրի կողմից համաձայնագրի վարերացման գործընթացում արգելքի կամ դանդաղեցման մասին: Ավելին՝ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Բրյուսելում անդամ երկրների կողմից համաձայնագրի արագ վավերացմանը ձեռնամուխ լինելու խանդավառ միջավայր կար»,- ասել է Նազարյանը:
Ըստ նրա, ԵՄ երկրները բազմիցս հայտարարել են, որ համաձայնագիրը վավերացնելու քաղաքական կամք կա: Նազարյանը նշել է նաև, որ անբարենպաստ սցենարի դեպքում գործընկերները քայլեր կձեռնարկեն։
Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:





