Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով որոշ սահմանափակումներ են նախատեսվում ակումբների համար։ Կողմ է քվեարկել 89, դեմ 4 պատգամավոր։
Նախագծի նպատակն է կանոնակարգել հասարակական կյանքին վերաբերող կարևորագույն ոլորտները, սահմանել այն ծառայությունների տեսակը, որոնք սահմանափակման ենթակա են: Դրանցից որոշների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջներ կներկայացվեն։ Այդպիսի օբյեկտներից են հեստապարային ակումբները, կարաոկեները, դիսկոտեկները, սաունաները, շոգեբաղնիքները։
Այս օբյեկտների տեղակայումը կարգելվի բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:





