Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասն ուղերձ են հղել վերջին իրադարձությունների առիթով՝ նշելով, որ Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ:
Հայտարարության մեջ ասվում է, որ ներկա կացության մեջ հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից:
«Կոչ ենք ուղղում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները և զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից: Անթույլատրելի և աններելի են քայլերն ու գործողությունները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը, սերմանում երկպառակություն, ատելություն ու թշնամանք: Երկխոսության հույսեր արթնացնող աննախադեպ նախաձեռնությունը, ցավոք, ընդհատվեց»,-ասվում է հայտարարության մեջ:
Հոգևորականները հավատում են, որ խաղաղ ճանապարհով առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել՝ ակնկալելով, որ Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց հետևողական ու ծանրակշիռ գործունեությամբ միջամտեն զարգացումներին և փորձեն բանակցությունների, փոխհասկացողության ճանապարհով աջակցելու խնդիրների բարվոք հանգուցալուծմանը:
Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Հարուցյալ Տերը խաղաղ, անսասան և անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և զորացնի բարեպաշտ մեր ժողովրդի համերաշխության, հանդուրժողականության և ազգային միաբանության ոգին, Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրը դարձնելու աղոթքի և հաշտության օր»,-ասվում է հոգևորականների ուղերձում:
Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում կայացել է ընդդիմության հերթական բազմահազարանոց հանրահավաքը՝ ըննդեմ նորընտիր վարչապետի պաշտոնավարման: Հարթակից ուսանող, տարկետման իրավունքի վերացման դեմ նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը կոչ է արել ուսանողներին դասադուլ իրականացնել:
Ավելի վաղ, ապրիլի22-ին ձերբակալվել են ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նրանք համակարգում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը:





