AM
23 Ապրիլ 2018 - 06:43 AMT

Կարեն Կարապետյան. Երկխոսության հնարավորություն միշտ էլ կա, ուշ չէ, բայց պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ

Երկխոսության հնարավորություն միշտ էլ կա, ուշ չէ, բայց դրա համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տիրող իրավիճակին:

«Ունենք քաղաքական ուժեր: Ես կարծում եմ, որ վատ չէր լինի՝ քաղաքական ուժերը հավաքվեն: Այսօր մեր հայրենակիցները, ցուցարարները կարող են ունենալ իրենց պահանջները ձևակերպող մարդիկ, և պետք է նստել իրենց հետ խոսել: Բա այսպես ո՞ւր ենք գնալու: Ռեպուտացիոն ռիսկեր ունենք, երկրի կանխատեսելիություն»,-ասել է փոխվարչապետը:

Կարեն Կարապետյանը հավելել է. «Հիմա մարդիկ ասում են՝ մենք պահանջում ենք սա: Բայց շատ մարդ էլ դա չի պահանջում: Այդ պատճառով էլ մենք ստեղծում ենք այդ հարթակները՝ խորհրդարանական հարթակ, ընտրություններ: Մենք պիտի ֆիքսենք, որ մեր այս ընտրությունը եղել է ավելի լավը, քան նախորդը: Եվ մեր նպատակային ֆունկցիան այն է, որ հաջորդ ընտրությունները լինեն ավելի լավը, քան այսօրվանը: Եվ այնպես չի լինելու, որ հաջորդ ընտրությունները լինելու են իդեալական: Մենք բոլորս միանշանակ այդքան արագ չենք փոխվելու»:

Առաջին փոխվարչապետն ասել է նաև, որ մենք կարիք ունենք մեկս մյուսին մեր կամքը հասկացնելու, համոզելու, հանդուրժող լինելու, մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք, որ մեզ սիրեն, մեզանով հիանան, որովհետև մենք հայ ենք, սակայն դրա համար մենք ոչ մի բան չենք անում:

«Բա մենք ուզում ենք լավ երկիր սարքել, այսպե՞ս ենք լավ երկիր սարքելու՝ ռեգուլյար կատակլիզմերի մեջ ընկնելով, ինչ է թե մարդկանց մի խումբ, մեծ խումբ, լավ մղումներից ելնելով: Ես չեմ ասում մենք ամեն ինչ լավ ենք արել, բայց պետք է լսել մեկս մյուսին, ոչ թե թելադրչել, ոչ թե բռնանալ: Մենք ստեղծել ենք խորհրդարանական հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսել»,-ասել է նա:

Կարեն Կարապետյանն անպայման ցանկացել է նաև ոստիկանության գնահատականը տալ: Նա հավելել է, որ այս օրերի ընթացքում հանդիպել է բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, բոլորը զարմացած են մեր ոստիկանության պահելաձևով: «Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Եվ մենք այդ փաստը պետք է ասենք»,-նշել է նա:

Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում կայացել է ընդդիմության հերթական բազմահազարանոց հանրահավաքը՝ ըննդեմ նորընտիր վարչապետի պաշտոնավարման: Հարթակից ուսանող, տարկետման իրավունքի վերացման դեմ նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը կոչ է արել ուսանողներին դասադուլ իրականացնել:

Ավելի վաղ, ապրիլի22-ին ձերբակալվել են ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նրանք համակարգում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը: