AM
23 Ապրիլ 2018 - 09:32 AMT

ՀՀ նախագահ. Իմ լիազորությունների սահմանում փորձում եմ անել ամենը

Իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսությունն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ մենք, որպես ազգ, չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված:

«Մենք բոլոր խնդիրները, պրոբլեմներն ի վիճակի ենք լուծելու իրար հետ խոսելով, երկխոսելով, լուծումներ գտնելով, բանակցելով», -ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

ՀՀ նախագահը նշել է, որ սա է իր հիմնական կոչը։ «Որևէ մեկը չպետք է հանկարծ կասկածի, որ մենք, որպես հայ՝ անկախ նրանից այսօրվա խնդիրները ինչպիսին են, միասնական պետք է լինենք, որովհետև կյանքը շարունակվում է և էլի հարյուր տարի մեր ազգային արժանապատվությունը և մեր խնդիրները պետք է պաշտպանենք», – ասել է նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ձերբակալմանն ու այն բանին, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ՀՀ նախագահն ասել է, որ այդ հարցով շատ մտահոգված է։ «Եթե դուք սահմանադրությունը լավ գիտեք, ՀՀ նախագահի լիազորությունների սահմանում փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի և լուծում ստանա», – ասել է նա։

Հայաստանում 11-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։