Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կարևորել է երկրում հասարակական կարգի պահպանումը: Այդ մասին վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպմանը:
Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը:
Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը:
Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը:





