Ապրիլի 24-ին Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի Հայաստանի հրապարակում տեղական իշխանությունների և հայկական համայնքի հովանավորությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի նվիրված բազմամարդ միջոցառումը:
Նիստին ներկա էին Ուրուգվայի Սենատի նախագահ, Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկին, Ուրուգվայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Գանդինին, Սպորտի և զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ, Գ.Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Մոնտեվիդեոյի արքեպիսկոպոս Դանիել Ստուրլան, Ազգային համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, խորհրդարանականներ, օտարերկրյա դեսպաններ, Հայ կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիների առաջնորդները, կրոնական համայնքների ղեկավարներ, հունական, հրեական, լիբանանյան և սիրիական համայնքների ղեկավարներ և այլոք:
Արարողությունը մեկնարկել է Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի ուղերձի ընթերցմամբ, որում նախագահը վերահաստատում էր Ուրուգվայի հաստատակամությունն իր սեփական օրինակով խթանել մյուս պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: Արարողությանը ելույթով հանդես եկավ Ուրուգվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով իր խոսքում անդրադարձավ Թուրքիայի կողմից տարվող ժխտողականության քաղաքականության անթույլատրելիությանը: ՀՀ դեսպանը նշեց, որ Թուրքիան արդեն մեկ դար շարունակ ապարդյուն փորձում է արդարացնել իր կողմից գործած մարդկության դեմ հանցագործությունը, մինչդեռ արդարության միակ աղբյուրը պատմական ճշմարտությունն է, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այնուհետև, Ուրուգվայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի հովանավորությամբ Ուրուգվայի Օրենսդիր պալատում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ելույթներով հանդես եկան Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Գանդինին, Ուրուգվայի ԱԳՆ փոխքարտուղար դեսպան Արիել Բերգամինոն, ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, Մարդու իրավունքների և ազգերի պաշտպանության ազգային ինստիտուտի տնօրեն Խուան Ֆարոպան և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամ Էլիանա Փանոսյանը:
Իր ելույթում Խորխե Գանդինին, անդրադառնալով Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, շեշտել է, որ իր պետությունն այդ հարցում առաջնորդվել է բացառապես մարդու իրավունքների հարգման, համերաշխության և արդարության սկզբունքներով, այլ ոչ թե սեփական քաղաքական շահերով:
Նույն օրն առավոտյան Մոնտեվիդեոյի Ռոթարի ակումբում տեղի է ունեցել նաև ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի բանախոսությունը` «Դեպի Ուրուգվայ և Լատինական Ամերիկա հայերի ներգաղթը և հայկական գաղութի ներկա իրավիճակը» վերտառությամբ:
Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը: Արարողության մեկնարկին Արգենտինայի հայկական հաստատությունների նախագահ Խաչիկ Տեր Ղուկասյանի կողմից ընթերցվեց Արգենտինյան Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի ուղերձը, որից հետո ելույթով հանդես եկավ Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն: Իր խոսքում նա մասնավորապես նշել է, որ Արգենտինյան Հանրապետությունը, 2007թ. օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ուղերձ է հղել համայն աշխարհին առ այն, որ անթույլատրելի է համարում մարդու կողմից մեկ այլ մարդու սպանությունը, ոչնչացումը և դաժան վերաբերմունքը, որոնք չեն կարող տեղ գտնել քաղաքակիրթ աշխարհում:
Արարողությանը ներկա էին Արգենտինայի Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, սենատոր Միրիան Բոյաջյանը, Արգենտինայի Հայկական հաստատությունների ներկայացուցիչները, պատգամավորներ, կրոնական համայնքների ղեկավարներ:
Հայող ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսման կարգ մատուցվեց Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանի կողմից: Երեկոյան մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակման բազմամարդ երթը:





