AM
1 Մայիս 2018 - 06:32 AMT

Արամ Ա-ն ողջունել է ՀՀ ներքաղաքական ճգնաժամը սահմանադրականորեն լուծելու ձգտումը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ողջունել է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը սահմանադրական գործընթացներով հանգուցալուծելու ձգտումը:

Կիլիկիո կաթողիկոսը ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավանքում ընդնունել է մի շարք հյուրերի և ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին:

«Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,- ասել է վեհափառը, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջը:

Արամ Առաջինն ընդգծել է, որ այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը և առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը միասնականության ճանապարհով:

Մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, Փաշինյանը միակ թեկնածուն է։ Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։