ԱԺ ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում հայտնել է, որ որդու 18 տարին լրացել է և նա ամռանը բանակ է զորակոչվելու։
Այդ մասին նա խոսել է՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին՝ թե արդյոք պիտի զորակոչվեն այն ընտանիքների զավակները, եթե 2-ն արդեն ծառայել են:
Անդրադառնալով պաշտոնյաների բանակում ծառայած-չծառայած լինելու հարցին՝ Փաշինյանն ասել է, որ 2016 թվականին Ճանկաթաղ (ԼՂ Մարտակերտի շրջան) գյուղի հատվածում իր ղեկավարած ջոկատը մինչև կամավորների հետքաշման վերջին օրը մարտական հերթապահություն է իրականացրել: «Ես պատգամավոր էի, ինչն ինձ չխանգարեց ավտոմատ կրել ու խրամատ փորել»,-ասել է նա։
ՀՀ ԱԺ-ում սկսվել է վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը։ Առաջադրված է 1 թեկնածու՝ ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։





