Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Շահագրգիռ քննարկում է ծավալվել երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը մայիսի 3-ին նաև ուղերձով է հանդես եկել և ողջունել Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի, ԵԼՔ դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցվածքը, որը բխում է Հայաստանի և ժողովրդի գերակա շահերից և դուռ բացում ազգային համերաշխության:
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որին հաջորդել են են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։Մայիսի 3-ին ՀՀԿ-ն վերահաստատել է իր որոշումը:





