Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով մայիսի 2-ի ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ:
Նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի, ԵԼՔ դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցվածքը, որը բխում է Հայաստանի և մեր ժողովրդի գերակա շահերից և դուռ բացում ազգային համերաշխության:
Նա հավելել է, որ մայիսի 8-ին կամրագրվեն հանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մեջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչև մեր ժողովրդի բոլոր հատվածները Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Նշվում է նաև, որ այն կբարձրացնի մեր հեղինակությունը և վարկն աշխարհում:
Հայտարարության մեջ ասվում է, որ սրանով հայ ժողովուրդը կրկին ցույց տվեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբվելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու:Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է:
«Այս ամենի մեջ ուզում եմ հատկապես բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդության ներգրավվածությունը և վճռորոշ դերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ուղերձում նշվում է, որ երիտասարդությունն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ:
«Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականությամբ և համերաշխությամբ: Հավատացած եմ և տեսնում եմ, որ արդեն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դեպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զավակներին, իր մեջ կուտակելու և իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներեցությունը և եռանդը»,-ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որին հաջորդել են են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։Մայիսի 3-ին ՀՀԿ-ն վերահաստատել է իր որոշումը:





