AM
4 Մայիս 2018 - 08:46 AMT

Ֆուտբոլի առաջնության ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է 24 ժամում հաշվառվեն

ՀՀ այն քաղաքացիները, որոնք մտադիր են մեկնել ՌԴ, ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը տեսնելու նպատակով, պետք է ժամանելուն պես՝ 24 ժամվա ընթացքում հաշվառվեն:

Ինչպես հայտնում է ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը, ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի որոշ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում գործելու է հատուկ ռեժիմ:

Խոսքը հետևյալ քաղաքների մասին է. Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի:

Հատուկ ռեժիմը ենթադրում է, որ oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

Սսահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը խնդրում է պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշել, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կանցկացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Խաղերը տեղի կունենան երկրի 11 քաղաքում: