2018թ. ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային միջոցառումների լուսաբանման ընթացքում արձանագրվել է լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք: Այդ մասին ասվում է ՀՀ դատախազության հայտարարության մեջ:
Դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ՀՀ ոստիկանությանը, նախաքննական մարմիններին հանձնարարվել է քրեադատավարական կարգով ստուգել դրանցում ներկայացվող հանգամանքները և նյութերի նախապատրաստմամբ պարզել քրեական գործ հարուցելու հիմքերը:
Դրանցից 11 դեպքի առթիվ` 13 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր:
ՀՀ դատախազությունն առաջնահերթ խնդիր դիտարկելով նախորդ մի քանի օրերի ընթացքում հանրապետությունում կատարվող զանգվածային միջոցառումների ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ահազանգերին արագ արձագանքումը, նմանատիպ դեպքերին, առերևույթ հանցագործություն կատարած անձանց քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը՝ հնարավորինս օպերատիվ կերպով ապահովել է ինչպես ԶԼՄ-ներով այնպես էլ լրագրողների, նրանց ներկայացուցիչների կողմից տրված հաղորդումներին համապատասխան քրեադատավարական ընթացակարգերի կիրարկումը, ասվում է հաղորդագրության մեջ:





