AM
4 Մայիս 2018 - 11:28 AMT

Կոստանյանը դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը

Նախկին գլխավոր դատախազ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը մայիսի 8-ին դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։