AM
7 Մայիս 2018 - 11:59 AMT

ԱԻՆ-ը՝ Թանկյանի դիմավորման մասին. Երեխաներին թողեք տանը, մոտներդ ջուր ունեցեք

Մայիսի 7-ի երեկոյան Հանրապետության հրապարակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ ելույթ ունենալու է ժամանելու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը: Հաշվի առնելով Հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն:

Զանգվածային հավաքների ընթացքում ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս.

– մանկահասակ երեխաներին թողնել տանը,

– չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ,

– ունենալ խմելու ջուր՝ պլաստիկ շշով.

– մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքն ապահովելու համար:

«Խնդրում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զգուշ լինել և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, քանի որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ»:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում տեղակայվելիք բեմի մոտակայքում հերթապահելու է 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: