AM
14 Մայիս 2018 - 11:05 AMT

Վիգեն Սարգսյան. Տեր-Պետրոսյանի մոտեցումները ԼՂ հիմնահարցում դարձան իր հրաժարականի պատճառը

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում դարձան իր հրաժարականի պատճառը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահի մեկնաբանությանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

«Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ:

Կարևորել և կարևորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձևավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով: Հատկապես այս պարագայում, երբ վարչապետ ընտրված անձը առիթ չի ունեցել լայն հանրային և նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ: Հենց դրա մասին եմ, առաջին հերթին, խոսել իմ հարցազրույցում»,-ասվում է Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից և ուժեղացնում են իր բանակցային դիրքերը: «Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է»,-շեշտել է ՊՆ նախկին նախարարը:

Նա նշել է, որ Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր:

Սարգսյանը հավելել է նաև, որ Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, և, վստահաբար, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից:

«Հ.Գ. Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»,- գրել է Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում։

Մայիսի 9-ին Արցախում գտնվող ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ասաց, որ պատրաստ է Հայաստանի անունից բանակցել Ալիևի հետ, բայց Արցախի անունից պիտի խոսի ԼՂ իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի: Դրան հաջորդեց պաշտպանության արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մեկնաբանությունը, թե Փաշինյանը ԼՂ հարցի վերաբերյալ հայտնեց մի շարք դիրքորոշումներ արտահայտեց, որոնք, նրա կարծիքով, «կարող են նաև վտանգավոր լինել»: Իր հերթին, հարցին արձագանքել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է «անտեղյակ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը»:

Ընթերցեք նաև. Փաշինյան – Սարգսյան – Տեր-Պետրոսյան Հայաստանը՝ ԼՂ հիմնախնդրի կողմ լինելու մասին