AM
14 Մայիս 2018 - 11:33 AMT

Նախարար. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը 1 տարով կարող է հետաձգվել

ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման՝ 1 տարով հետաձգման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նորանաշանակ նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ կարգի ներդրման հնարավոր հետաձգումը պայմանավորված է թերությունները շտկելու անհրաժեշտությամբ:

«Եթե կառավարությունը հավանություն տա այս նախաձեռնությանը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները, և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար», – գրել է նախարարը՝ հավելելով, որ զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնի:

Բազմաթիվ դեղամիջոցներ միայն դեղատոմսով դուրս գրելու որոշումն ուժի մեջ էր մտել մարտի 1-ին։ Առանց դեղատոմս վաճառելու արգելքի տակ էին ընդգրկվում բազմաթիվ հաճախ օգտագործվող եղեր, ուստի որոշումը դեղատներում մեծ հերթերի պատճառ դառնալով։