Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացել է զինկոմիսարիատների խնդրին և տվել հանձնարարականներ՝ շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պարզաբանում հրապարակելով զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ:
Մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատի աշխատակիցներ։ Նրանք բողոքում էին զիկնոմիսարիատներում իրականացվող օպտիմալացման դեմ:
«Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարել է մեկ շաբաթյա ժամկետում իրեն ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ», -ասվում է գրառման մեջ:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում: «Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում», – ասել էր նախկին պաշտպանության նախարարը։





