2018 թ. մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվելու է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնը։
ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ կապահովի գյուղերի՝ 3 տարեկանից բարձր 150.000 երիտասարդների և մեծահասակների համար։
ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։
Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։ Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։ Արվեստի ստուդիայում նորարարական մոտեցումների զարգացման գործընկերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է, ասվում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հաղորդագրության մեջ։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացմանը ներկա կլինեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարերարները, աջակիցները, գործընկերները, Հայաստանի ղեկավարները, դեսպանները։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 67.000 բնակիչները:
2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:





