AM
19 Մայիս 2018 - 11:00 AMT

Ոստիկանապետը նոր տեղակալներ ունի

Մայիսի 19-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի նոր տեղակալներին: ՀՀ նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, տեղակալ` ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը:

Ոստիկանության պետի հրամանով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Արտակ Կարապետյանը, որը զբաղեցնում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով և արդյունավետ ծառայություն մաղթելով նորանշանակ ղեկավարներին` Վալերի Օսիպյանն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային են նրանց համակարգման ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, հասարակություն-ոստիկանություն կապի հետագա ամրապնդում, քաղաքացիների հետ փոխվստահության ու փոխհամագործակցության ընդլայնում, ոստիկանության ստորաբաժանումներում ծառայողական և կատարողական կարգապահության հետևողական բարելավում:

Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերի Օսիպյանն անդրադարձել է ծառայության կազմակերպման մի շարք անհետաձգելի խնդիրների ևս ու տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: