AM
21 Մայիս 2018 - 14:43 AMT

Նոր կառավարության անդամներն առաջին անգամ երդվել են

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի նոր կառավարության անդամների երդման արարողությունը, որին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի նախարարներն առաջին անգամ են իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տալիս:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը», – երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի երդմանը հաջորդել է փոխվարչապետերի և նախարարների երդումը։