ՀՀ ոստիկանությունն արձագանքել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության հայտարարությանը, որում նշվում էր ձեռնարկատիրության գործեունեությունը խոչընդոտող մի խումբ անձանց բողոքի միջոցառումների և ոստիկանության «անգործության» մասին:
«Ոստիկանությունը իր անգործությունը բացատրում է նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, և իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որևէ բան ձեռնարկել», – մասնավորապես նշվում էր հաղորդագրության մեջ:
Ի պատասխան՝ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 18-ին «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել ոստիկանություն, որ նախորդ երկու օրերին Վարդենիսի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ փակել են Սոթքի ոսկու հանքի վարչական շենքի մուտքը, բաց հանք ու երկաթգիծ տանող ճանապարհները, ինչի հետևանքով խաթարվել է բնականոն աշխատանքը:
«Նույն օրվանից ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ են սկսել ցուցարարների հետ, ինչի շնորհիվ մայիսի 24-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ճանապարհները բացվել են, և հանքի բնականոն աշխատանքը վերականգնվել է», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում:
Ավելի վաղ, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդագրություն էր տարածել, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մայիսի 24-ին կառավարության շենքի մոտ հանդիպել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ բողոքող ցուցարարներին: Նրանք մասնավորապես դժգոհում էին ընկերության վարած կադրային քաղաքականությունից, ինչպես նաև դրա ստեղծած բնապահպանական խնդիրներից:





