AM
1 Հունիս 2018 - 08:46 AMT

Շարմազանով. ԵՊՀ ռեկտորին ճնշում են նաև ՀՀԿ անդամ լինելու պատճառով

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ճնշման է ենթարկվում նաև այն պատճառով, որ ՀՀԿ ներկայացուցիչ է: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵՊՀ-ի վերջին իրադարձություններին։

Մայիսի 29-ին Արամ Սիմոնյանը պատասխանել էր իր հրաժարականը պահանջող ուսանողների հարցերին: Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո ուսանողները խոչընդոտել էին նրա ելքը նիստերի դահլիճից: Նրա ինքնազգացողությունը վատացել էր: Ավելի ուշ նա հոսպիտալացվել է:

«Տեղեկացնեմ, որ ՀՀԿ ներկայացուցիչ լինելը պատիվ է, այլ ոչ թե հանցագործություն»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ Շարմազանովի՝ բուհը ինքնակառավարվող մարմին է և որևէ մեկն իրավունք չունի բուհի ներքին կանոնակարգային խնդիրներին՝ արդեն նոր իշխանություններից, միջամտել զուտ քաղաքական դրդապատճառներով։

Անդրադառնալով ԱԱԾ ուսումնասիրություններին՝ նա նշել է, որ կա իրավական գործընթաց, ու քանի որ այդպիսի ինֆորմացիա չունի, չի կարող խոսել այդ մասին։

Ավելի վաղ ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին:Հայտարարության հեղինակներն անթույլատրելի են համարում գործող իշխանության ներկայացուցիչների, մանավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունընշված գործողություններին, ովքեր տեղում ղեկավարել են նախաձեռնության քայլերը և տվել են համապատասխան ցուցումներ: Նշվում է, որ անընդունելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին, ինչպես նաև տարակուսելի է Հայաստանի բուհական համայնքի լռությունը: